Լուսիկի կատուն
Հեղինակ: Ռուբեն Ղարիբյան

-Բժի՜շկ, բժի՜շկ, ե՛կ մեր տուն,
Շատ հիվանդ է մեր կատուն,
Մի ճար արա՛ լավանա,
Թե չէ ձեռքից կգնա…
Մեր Վաչիկը ահագին
Ճերմակ խալաթը հագին,
Լուսիկի հետ մտավ տուն,
Ուր պառկած էր մեր կատուն…
Նայեց սուր-սուր ճանկերը,
Շոյեց կեռ-կեռ հոնքերը,
Ծոցատետրը դուրս բերեց,
Գրիչն առավ ու գրեց.
«Ոչի՜նչ, ոչի՜նչ, ձեր կատուն
Չունի այնքան տաքություն,
Մի մուկ, մի ձուկ, որ ուտի,
Շուտ կկանգնի նա ոտի»…
Բնօրինակ աղբյուր
Բնօրինակ աղբյուր: Լուսիկի կատուն — Ռուբեն Ղարիբյան — poqrik.am